Հայկական հեռուստատեսությունը ծանր կորուստ կրեց. կյանքից հեռացավ վաստակաշատ արվեստագետ, բեմադրող- օպերատոր Բորիս Պետրոսյանը, ում անունն ու թողած ժառանգությունը մեր մշակույթի պատմության մասն է կազմում։
Հայկական հեռուստատեսության պատմության մեջ թողած նրա հետագիծը, Հեռուստաթատրոնի գանձարանում պահպանված բազմաթիվ հեռուստաներկայացումներում Վարպետի կատարած աշխատանքները օպերատորական արվեստի մի ամբողջ դասագիրք են օպերատորների, ինչպես նաև արվեստագետների հաջորդ սերունդների համար` ամեն մեկն իր ձեռագրով ու այն գեղագիտական հայացքով, նորարարություններով, կադրի ընկալումներով ու դիտողականությամբ, որպիսին կարող էր ունենալ միայն Բորիս Պետրոսյան արվեստագետը։
Նա ապրեց արարումներով լի կյանք։ Նա այն բացառիկ արվեստագետներից էր, ում հետ սիրում էին աշխատել Հեռուստաթատրոնի ռեժիսորները, և Բորիս Պետրոսյան օպերատորը նրանց հետ միասին ստեղծեց 40-ից ավելի
հեռուստաներկայացումներ, որոնք եղել են հայ և համաշխարհային դրամատուրգիայի ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից գործեր։
Օպերատոր Բորիս Պետրոսյանը յուրաքանչյուր գործ մատուցում էր միայն իր դիտողականությանը հատուկ գեղագիտությամբ, ռեժիսորների մտահղացումները, բեմադրող նկարիչների ստեղծած տեսարանների ամեն մի դետալը տեղ հասցնելով:
Բորիս Պետրոսյան օպերատորի ճանապարհը Հայկական Հեռուստատեսությունում սկսվել է 1968 թվականից։
Թատերագետները նրան անվանելու էին ամենասուր դիտողականություն ունեցող օպերատոր:
Բորիս Պետրոսյանը երևելի գործեր է ստեղծել այնպիսի բեմադրող ռեժիսորների հետ, ինչպիսիք են Գրիգոր Արզումանյանը, Կառլեն Վարժապետյանը, Հերբերտ Գասպարյանը:
Նրա արվեստակից ընկերները, թատերական աշխարհի մարդիկ հիշում են, որ Հեռուստաթատրոնի ռեժիսորները նրան շատ վաղ նկատեցին:
1982 թվականին պարոնյանական արձակի հիման վրա ստեղծված «Ընտանեկան նամականի» վերնագրով հեռուստաներկայացումը ռեժիսոր Գրիգոր Արզումանյանը վստահեց օպերատոր Բորիս Պետրոսյանին:
Պարոնյանական պատումը շարժուն էր, գունեղ , կոնտրաստներով լի: Օպերատորը ներհյուսել էր դերասանախմբին, ուր Վարդուհի Վարդերեսյանի, Մելինե Համամջյանի, Խաչիկ Նազարեթյանի խաղը վարպետների կոնցերտ էր հիշեցնում։
Հետագայում Բորիս Պետրոսյանի անվան հետ էին կապվելու այնպիսի երևելի ներկայացումներ, ինչպիսիք են «Փոստալը» ՝ Գրիգոր Զոհրապի նովելի հիման վրա, Շահան Շահնուրի նշանավոր «Պճեղ մը անուշ սիրտ» վեպի հիման վրա հեռուստաէկրան էր բարձրանալու համանուն հեռուստաբեմադրությունը։
1985 թվականին էկրանավորվեց մեր ազգի պայքարի, մաքառումների ու վերածննդի մարմնավորումը դարձած՝ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը։
Ռեժիսորներ Գրիգոր Չալիկյանն ու Հերբերտ Գասպարյանը համադրելով վեպի ամբողջ գեղարվեստական հմայքն ու արժեքը, Մուսա լեռան հերոսամարտի ոգին, ստեղծեցին մի էպիկական ներկայացում՝ իրական հերոսներով ու պատմություններով: Իսկ բեմադրող օպերատորը դարձյալ Բորիս Պետրոսյանն էր:
Բորիս Պետրոսյանի մասնակցությամբ բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանը ստեղծեց այնպիսի բեմադրություններ, ինչպիսիք էին Ֆ. Ջեքսոնի «Աստված, եղիր ինձ օգնական» վիպակի հիման վրա բեմադրված «Սպենսեր Դոնովանի գործը» ,Վրեժ Իսրայելյանի «7-րդ աշխարհամասը» , Վիլիամ Սարոյանի «Խենթացած մի գնա », դրամատուրգ Հովհաննես Մելքոնյանի սցենարով ստեղծված «Հրաչյա Քոչարը ներկայանում է» հեռուստաներկայացումները:
Բորիս Պետրոսյանն իր սուր դիտողականության և գեղագիտական ընկալումների շնորհիվ հեռուստաէկրան բերեց օպերատորական արվեստի մի ամբողջ զինանոց, նոր խոսք ու դպրոց։
Բորիս Պետրոսյանի բարձր գեղագիտության դրսևորումներից մեկն էլ դարձավ հեռուստատեսային թատրոնի մեծակտավ գործերից մեկը` Ագաթա Քրիստիի վեպի հիման վրա էկրանավորված «Էնդհաուզի առեղծվածը», ապա Գրիգոր Զոհրապի «Զաբուղոնը» հեռուստաֆիլմը։
Եվ արդեն 1990-ականներին ստեղծվեց Հայկական հեռուստատեսության բացառիկ գործերից մեկը` առաջին հեռուստանովելը` ստեղծված դրամատուրգ Գևորգ Շահինյանի սցենարով` «Երեկ, այսօր,վաղը» հեռուստասերիալ:
Պատահական չէ, որ Բորիս Պետրոսյանը Մանկավարժական համալսարանում օպերատորական բաժնի դիպլոմային քննությունների հանձնաժողովի նախագահն էր։ Դրանք չէին անցնում առանց նրա խստապահանջ ներկայության և գնահատականի։ Ամենախստապահանջ Ուսուցիչը անսահման բարի ու հոգատար էր միաժամանակ. մարդ , ով ապրում էր ազգի ճակատագրով ու Հայրենիքի ամեն խնդրով:
Մեզանից հեռացավ մեծ Վարպետը, իսկական արվեստագետը, որն իր անցած ուղու և թողած ժառանգության մասին խոսելիս ասում էր ընդամենը մի պարզ բառ ու դրանով իսկ ինքն էր գծում առինքնող ու միաժամանակ համեստ հայորդու կերպարը.
-Ինչ արել եմ, արել եմ սիրով...
Միշտ հիշելու ենք Ձեզ, սիրելի Վարպետ:
Ձեր անունը ընդմիշտ մնալու է մեր արվեստի պատմության էջերում և մեր սրտում, ԲԵՄԱԴՐՈՂ ՕՊԵՐԱՏՈՐ ԲՈՐԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ ...
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ